AM
16 Հոկտեմբեր 2025 - 10:15 AMT

ՄԻՊ․ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայ մամուլի օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով՝ կարևորելով լրագրողների իրավունքների պաշտպանությունը և լրատվամիջոցների դերը ժողովրդավարության մեջ։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ պատասխանատու և կարևոր առաքելության մեջ։

Այս օրը ևս մեկ առիթ է՝ ընդգծելու լրատվամիջոցների կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում։ Լրատվամիջոցների ազատ, անվտանգ և պաշտպանված գործունեությունը կարևոր նախապայման է հասարակության իրազեկվածության և քննադատական մտածողության զարգացման համար։

Միևնույն ժամանակ, բացառիկ կարևորություն ունի լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի նորմերի և պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը։ Առանցքային է, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունը ուղղված լինի հանրության իրազեկմանն ու տեղեկացված որոշումների կայացմանը՝ զերծ մնալով ատելության խոսքի տարածումից և սոցիալական լարվածության խորացումից։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները և նպաստելու նրանց անխոչընդոտ ու արդյունավետ աշխատանքին՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում»,–ասվում է ուղերձում։

Մանասյանը կարևորել է նաև ՄԻՊ աշխատակազմի և լրատվամիջոցների միջև գործընկերային համագործակցությունը՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի պատշաճ լուսաբանման և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։