AM
16 Հոկտեմբեր 2025 - 10:39 AMT

Փաշինյան. Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ իր կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա:

Նա հավելել է, որ որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են, գրում է Aysor.am-ը։

«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանակ է արվել և գնացել է։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրա արդյունքում՝ եկեղեցին փլուզվե՞լ է։ Ո՛չ, չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ նախկինում ՀՀ-ում դեպք է եղել, որ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,–ասել է վարչապետը։

Նա ավելացրել է, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։

«Եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, օրինակ՝ իմ այսօրվա ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Գազայի գոտում և այլն։ Եթե հետազոտություն կատարենք, կարող է պարզվի, որ այն պահին, երբ դուք հարց տվեցիք, նամազի ժամ է և կարող է հնչել հարց՝ իսկ ձեր հարցն արդյո՞ք պատահական համընկավ նամազի ժամի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, այլ ուզում եմ ցույց տալ, որ եթե որևէ մեկն ուզենա գտնել համընկումներ, կգտնի»,-ասել է նա։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ ու առաջնորդարանի աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։