Կառավարության նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրման մասին օրենսդրական փաթեթը։
Նա ընդգծել է, որ առաջարկվող մեխանիզմը փուլային և ամբողջական է՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի համարվի պատշաճ ծանուցված՝ անկախ նրանից՝ փաստացի ստացե՞լ է ծանուցումը, թե ոչ, հայտնում է Արմենպրեսը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, ասել է, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։
Ներկայացնելով նախագիծը՝ Գալյանը նշել է․ «Ֆիզիկական անձանց համար գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ մուտք կիրականացվի խիստ նույնականացման միջոցով։ Եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Եթե երեք օրվա ընթացքում մուտք չկատարի, ծանուցումը ավտոմատ կերպով կհասցվի հիբրիդային փոստով՝ անձի հաշվառման հասցեով։ Եթե դա ևս չհասցվի կամ անձը հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումը կհրապարակվի azdarar.am կայքում, և տեղադրվելուց յոթ օր անց անձը համարվելու է պատշաճ ծանուցված»։
Նախարարի խոսքով՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ծանուցումներ ստանալու են Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի միջոցով։ Այդ հարթակի միջոցով նրանք կստանան ոչ միայն ՊԵԿ-ի, այլ նաև այլ պետական մարմինների ծանուցումները։ Այս դեպքում էլ՝ ծանուցման տեղադրումից երեք օր անց այն կդիտվի պատշաճ ընդունված։
Օրենքի նախագծով սահմանվում է, որ էլեկտրոնային ծանուցումների համակարգը գործարկվելու է 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա տեխնիկական կողմերը՝ այդ թվում հարթակների անունները, էլեկտրոնային հասցեները և այլ մեխանիզմները, կհաստատվեն կառավարության որոշմամբ։
Փաշինյանն իր հերթին ասել է․ «Տիկին Գալյանը նաև նշեց, որ դե ֆակտո տարբերակ էլ չի մնում՝ բոլոր հնարավոր ձևերով մարդը ծանուցված է լինելու։ Մինչ այս հաճախ բախվում էինք իրավիճակների, երբ մարդը փաստացի ծանուցված էր լինում, բայց պետությունը չէր կարողանում դա իրավականորեն ապացուցել։ Այս համակարգը լուծում է այդ խնդիրը»։
Գալյանն ընդգծել է, որ 2025-ին թղթային ծանուցումների համար ծախսվող գումարն էապես նվազել է՝ մոտ 100 միլիոն դրամով, հայտնում է Radar Armenia-ն։
«Փորձել ենք հաշվարկել՝ որքան է պետբյուջեից ծախսվում թղթային ծանուցումների վրա։ Կարող եմ նշել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների թվական տվյալ՝ 2024-ին ծախսվել է 653․2 մլն դրամ։ Այս տարվա բյուջեով մոտ 100 մլն-ով այս ծախսային տողը կրճատվել է։ Ինչու ամբողջությամբ չի կրճատվում, քանի որ դեռ ունենք հիբրիդ փոստային առաքման ծառայություն»,-նշել է նախարարը։
Նա հավելել է, որ մոտ ապագայում շատ ավելի քիչ պետք է դիմել հիբրիդ փոստային առաքման ծառայությունից օգտվելուն։






