AM
16 Հոկտեմբեր 2025 - 11:36 AMT

Տեր Արամը հարցաքննվել է

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հարցաքննվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ մասնակցությունից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Կոմիտեից չեն մանրամասնել, թե ե՞րբ է քահանան հարցաքննվել, Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկություններից առա՞ջ, թե հետո։

Տեր Արամ քահանա Ասատրյանն այս պահին Հովհաննավանքում չէ, այլ Երևանում: Նշենք, որ հոգևոր հովիվը Հանրային ՀԸ եթերում պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով:

«Հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին: Եթե չգնայի, խնդիրներ կլինեին, պետք է բացատրեի` ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական հայացքներ ունեմ, եթե չեմ գնում: Այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր,- ասել էր Տեր Արամ քահանա Ասատրյանը։

Նրա այս հայտարարության հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, ինչի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի տասնյակ հոգևորականների բնակարաններում՝ առգրավելով համակարգիչներ, փաստաթղթեր և այլ իրեր։ Հոգևորականները բերման են ենթարկվել, իսկ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով։ Նշենք, որ կալանավորված եպիսկոպոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։