Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարել է, որ աշխատանք է տարվում TRIPP-ի բովանդակային տեքստի, նախագծի բովանդակության գեներացման վրա։
Նա շեշտել է, որ որևէ լուծում չի կարող դուրս գալ Վաշինգտոնի հռչակագրով ամրագրված սկզբունքներից, հայտնում է Aysor.am-ը։
«Սեղանին դրված են էլեմենտներ, և մենք դրանք պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ։ Այսինքն, առաջին նախագիծը պետք է ընդունվի, երկրորդը, երրորդը և այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին։
Բայց էլի ուզում եմ ասել՝ ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որոնք արձանագրված են Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում»,-ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո, հայտնում է «Ազատությունը»։
«Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով և ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը։ Հետևաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նաև տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով», – նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ վաշինգտոնյան համաձայնագրերով կա TRIPP նախագիծ ՀՀ տարածքում և այլևս ոչինչ։
«Լրացուցիչ վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել», – ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ այս հարցի մասին եզրակացություններ անելիս պետք է առաջնորդվել թղթի վրա արձանագրվածով։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






