AM
16 Հոկտեմբեր 2025 - 12:06 AMT

«Հայաքվե»․ Վարչախումբը փորձում է բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն ձևավորել

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «վարչախումբը փորձում է բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն ձևավորել»։

Նշվում է, որ հատկապես վրդովեցուցիչ վերաբերմունք է ցուցաբերվում ՀԱԵ նկատմամբ՝ «վարվելով ոչ պակաս դաժան, քան բոլշևիկները և երիտթուրքերը»։

«Հայաստանում ձևավորված բռնապետական վարչախումբը, իրավապահ համակարգը վերածելով սեփական կամքը սպասարկող գործիքի, շարունակում է բռնաճնշումների իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով լռեցնելու ազատ խոսքը Հայաստանում։

Իշխող վարչախումբը հատկապես վրդովեցուցիչ վերաբերմունք է ցուցաբերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ վարվելով ոչ պակաս դաժան, քան բոլշևիկները և երիտթուրքերը։ Վարչախումբը, կատարելով հայ ժողովրդի թշնամիների պատվերը, փորձում է կազմաքանդել մեր եկեղեցին։

Հայաստանի Հանրապետությունն անկախացումից ի վեր երբևէ այսքան մեծ թվով քաղաքական բանտարկյալներ չի ունեցել։ Այս փաստը վկայում է, որ իշխող վարչախումբը բռնապետական համակարգից անցում է կատարում դեպի բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի այս հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճը, իր զորակցությունն է հայտնում վարչախմբի անօրինականությունների թիրախում հայտնված անձանց։

Մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձայնով կասեցնելու բռնապետական վարչախմբի հետագա վերարտադրումը։

Կոչ ենք անում առողջ ազգային ուժերին շարունակելու համախմբման գործընթացը՝ միասնական ուժերով հակաժողովրդական վարչախմբին պատմության աղբանոց ուղարկելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում, որից հետո նրան բերման են ենթարկել։ Սրբազանի հետ միասին բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ ու առաջնորդարանի աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդել է, որ երեք անձ ձերբակալվել է, որոնց թվում է նաև թեմի առաջնորդը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։ Նա 2 ամսով կալանավորվել է։