Բագրատ սրբազանի գործով ընթացող դատական նիստում որոշում է կայացվել անցնել դռնփակ ձևաչափի՝ պաշտպանական կողմի անհետաձգելի միջնորդության հիմքով։
Դատական նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, դիմելով դատավորին, ասել է. «Պատվարժան դատարան, թեև ես լսեցի, որ մեղադրյալներից պարոն Գալստյանը ներկա չէ, բայց ես անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ։ Այն վերաբերում է իմ պաշտպանյալի խափանման միջոցի հարցին», հայտնում է Panorama.am-ը։
Նա շեշտել է, որ միջնորդությունը չի կարող ներկայացվել դռնբաց պայմաններում, ուստի առաջարկել է նիստը շարունակել դռնփակ կարգով՝ հավելելով, որ որևէ առարկություն չլինելու դեպքում անհրաժեշտ է անցնել համապատասխան ընթացակարգին։
Վարդևանյանը տեղեկացրել է, որ փորձ է արել կապ հաստատել դատական կազմի հետ, սակայն դա չի հաջողվել։ Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Հովհաննես Խուդոյանն իրենց հերթին հայտնել են, որ առարկություն չունեն։
Մեղադրող կողմը նշել է, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե մեղադրյալներից որևէ մեկը նիստին ներկա չէ, այն ենթակա է հետաձգման։
Ի պատասխան՝ Վարդևանյանը պարզաբանել է. «Ես պատահական չեմ նշում, երբ ասում եմ՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որ հայտնի չի եղել ոչ դատավորին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին։ Պաշտպանյալիս հայտնի է դարձել նիստի ընթացքում։ Եթե ես այդպես եմ ասում, ուրեմն մեղմ ասած, կարևոր հանգամանք ունեմ ներկայացնելու»։
Նշվածի հիմքով դատավորը հայտարարել է ընդմիջում՝ հրահանգելով դատական դահլիճում ներկա գտնվողներին, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լքել դահլիճը։ Նա նաև հանձնարարել է կարգադրիչներին ապահովել դռնփակ նիստի անցկացման պայմանները։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






