Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պլաստիկ վիրաբուժական կենտրոնների ներկայացուցիչների, պլաստիկ վիրաբուժության ամբիոնների ներկայացուցիչների և «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահի հետ հանդիպմանը մտահգություն է հայտնել հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերի վերաբերյալ։
«Ինձ համար շատ մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը»,- ասել է Ավանեսյանը:
Հանդիպման հիմնական նպատակն է եղել հասկանալ ոլորտի կարիքները, լսել մասնագիտական կարծիքներ ու դիտարկումներ՝ պարզելու, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել՝ կանխելու կամ նվազեցնելու վիրահատական միջամտություններից հետո առաջացող բարդություններն ու բացասական ելքերը։
Նախարարը ընդգծել է, որ թեև ոլորտն ընթանում է դինամիկ զարգացման ճանապարհով, սակայն անգամ մեկ կամ երկու բացասական դեպք կարող է խաթարել տարիների աշխատանքը և ստվերել ոլորտում արձանագրված առաջընթացը։
Պլաստիկ վիրաբուժության գծով նախարարության խորհրդատու, «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Աննա Սարգսյանը մանրամասն ներկայացրել է օրակարգում ընդգրկված խնդիրները։ Նա անդրադարձել է նախարարություն ստացված բողոքներին, ինչպես նաև նախորդ երկու տարիների ընթացքում գրանցված հետվիրահատական բարդությունների հիման վրա իրականացված մասնագիտական վերլուծություններին։
Ներկայումս մշակվում են նոր ուղեցույցներ՝ ոլորտի իրավական կարգավորումները բարելավելու նպատակով, ինչպես նաև խստացվում է լիցենզավորման ընթացակարգը՝ բարձրացնելու պլաստիկ վիրաբույժների պատասխանատվության և պատրաստվածության մակարդակը։
Բացի այդ, հարակից մասնագիտացման ունեցող բուժաշխատողների համար նախատեսվում է դարձնել պարտադիր նեղ մասնագիտական օրդինատուրայի անցումը՝ ապահովելու համար մասնագիտական պատշաճ որակավորում։
Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել գործակցել ոլորտի համակարգային բարելավման ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ առաջիկայում թեմային նվիրված լայնածավալ համաժողով կկազմակերպվի՝ մասնագետների լայն շրջանակի մասնակցությամբ։






