Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։
Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց»,–գրել է նա։
Ըստ Երիցյանի, աա արարք էր «ընդդեմ ամբողջ համայնքի՝ փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց»։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Կոչուբաևի դեմ հարուցված գործն անմիջականորեն կապվում է վերջինիս ֆեյսբուքյան գրառման հետ, հայտնում է Panorama.am-ը։
«Գրառման մեջ կային ձևակերպումներ, որոնք միգուցե որոշակի չափով կարող էին այլ անձանց մոտ տպավորություն ստեղծել որպես վիրավորական, բայց մենք շատ լավ գիտենք, որ վիրավորանքը որպես այդպիսին արդեն իսկ ապաքրեականացվել է։ Վիրավորանքի համար տվյալ պարագայում որևէ քրեական պատասխանատվության ինչ-որ չափանիշ նախատեսված չէ։
Տվյալ պարագայում նրա գրառման մեջ որևէ արատավորող տեղեկատվություն չկա, որովհետև արատավորող տեղեկատվությունը մենք հասկանում ենք այնպիսի տեղեկատվություն, որ օբյեկտիվ իրականություն գոյություն չունի, կեղծ է։ Իսկ եթե դուք ուշադիր եք եղել, ապա գրառման մեջ որևէ տեղեկատվություն չկա։ Ինչ վերաբերում է մյուս հատկանիշին՝ օրինական շահերին և իրավունքներին էական վնաս պատճառելը, մի փոքր դժվար եմ պատկերացնում, ինչպես Ալեքսանդր Կոչուբաևը առհասարակ այդ գրառմամբ նրանց օրինական շահերին և իրավունքներին վնաս պատճառել, բայց ներկա պահին ունենք այս մեղադրանքը»,- ասաց Ալեքսանյանը։
Փաստաբանը ընդգծել է, որ պատրաստվում են պայքարել։
«Մեղադրանքի վերաբերյալ նաև Կոչուբաևն է դիրքորոշում հայտնել՝ մեղքը չի ընդունում։ Ցուցմունք տալուց հրաժարվել է, վերահաստատել է, որ դա իր գրառումն է»,- հավելել է Ալեքսանյանը։
Հոկտեմբերի 16-ին փաստաբան Կոչուբաևը բերման է ենթարկվել Շենգավիթի դատարանի տարածքից։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ Կոչուբաևին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն վերաբերել է դատավորի, դատախազի կամ քննիչի վերաբերյալ զրպարտիչ կամ վնաս հասցնող տեղեկությունների հրապարակմանը՝ կապված այդ անձանց ծառայողական կամ մասնագիտական օրինական գործունեության հետ։
Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել էր․ Վիժվածքներ, հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ»։






