Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։
Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում են:
ՀՀ կառավարության կողմից տարածված հաղորդագրությունում նշված է. «Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը»։
Հանդիպման մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ, պատկերազարդ գիրք ընծայելուց բացի, ասվում է նաև, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։
«Շահան սրբազանն Արամ Ա կաթողիկոսի անունից մտահոգություն է հայտնել ներկա կացության գծով և շեշտել եկեղեցի-պետություն գործակցության կարևորութիւնը։ Միաժամանակ նա արծարծել է հոգևորականներու ձերբակալության հարցը և այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,– ասված է Անթիլիասի տարածած հաղորդագրության մեջ։
Կաթողիկոսարանի հաղորդագրությունում նշվում է նաև, որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նախատեսում է հանդիպումներ ունենալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






