AM
17 Հոկտեմբեր 2025 - 07:01 AMT

Մայր Աթոռ. Իրավիճակի պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ վարչապետը

Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով։ Անդրադառանալով Արագածոտնի թեմում իրավապահ մարմինների կողմից« ձեռնարկված դատապարտելի գործողություններին»՝ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ցավալի այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը»։

«Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգևոր սպասավորների և աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողություններ, որոնք ուղեկցվել են բացարձակապես չպատճառաբանված ու անհիմն խուզարկություններով, խաբեությամբ բերման ենթարկելու, բերման ենթարկված անձանց գտնվելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից զրկելու հակաօրինական դեպքերով։

Հայտնի է դարձել, որ նույն մեթոդներով կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու Տ. Գարեգին քահանա Արսենյանը, իսկ թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ», ասվում է հայտարարության մեջ։

Եպիսկոպոսներն ընդգծել են, որ այս գործելակերպը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների իրավունքները, այլև հավատավոր ժողովրդի կրոնական զգացումները։

«Հակաեկեղեցական ապօրինի այս գործողություններով անթաքույց ոտնահարվել և արհամարհվել են նաև հավատավոր մեր ժողովրդի հոգևոր զգացումները, փակվել են եկեղեցիներ, չեղարկվել են նախապես ծրագրված ծիսական արարողություններ, առանց քահանաների կատարվել են հուղարկավորություններ։

Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախավորող հայտարարություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

Եկեղեցականները դիմել են դատական և իրավապահ համակարգերին՝ հորդորելով գործել օրինականության շրջանակում։

«Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին»,–ասվում է հայտարարության մեջ։

Նրանք ընդգծել են, որ պետական գործիքակազմը պետք է ծառայի ազգային անվտանգությանը և հանրային համերաշխությանը, այլ ոչ թե դառնա «հաշվեհարդարի գործիք», որն առաջացնում է ներազգային պառակտում։

«Հոգևոր մեր սպասավորներին և հավատավոր մեր ժողովրդին հորդորում ենք չընկրկել, ամուր մնալ հավատքի ու աղոթքի մեջ, չերկնչել վտանգներից ու սպառնալիքներից և ամենայն ջանք ի գործ դնել ընդդեմ երկրում տեղ գտնող անարդարությունների և անօրինականությունների»,–ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։