AM
17 Հոկտեմբեր 2025 - 07:20 AMT

Կարապետյան․ Արամ Ա-ն ինձ տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել ՀԱԵ դեմ ճնշումների հարցը

«Մեր ձևով» նախաձեռնության համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձին։

Նա նշել է, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ ճնշումների հարցը:

«Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։

Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։

Վստահ եմ որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում են:

Կառավարությունը հայտնել է միայն Արամ Ա–ի ջերմ ողջույնների և օրհնության մասին, իսկ Անթիլիասը՝ որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։