AM
17 Հոկտեմբեր 2025 - 07:27 AMT

Լևոն Քոչարյանը ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու իմաստ չի տեսնում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ընդդիմադիր դաշտում հնարավոր դաշինքների մասին, նշել է, որ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու իմաստ չի տեսնում:

Նա նշել է նաև, որ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր իրենց դեմ հանդես գալով՝ փորձում են ամրապնդել իրենց ներկայությունն ընդդիմադիր դաշտում, գրում է Արմենպրեսը։

Լրագրողների հարցին՝ արդյոք նկատո՞ւմ են ընդդիմադիր որևէ ուժի, որ հանդես է գալիս իրենց դեմ, Քոչարյանը դրական պատասխան է տվել։

«Մենք դրա մասին բարձրաձայնել ենք: Կան նման բաներ: Ինչ-որ դեպքեր կան, որ նաև ըմբռնումով ենք մոտենում: Ընդդիմադիր դաշտում ինչ-որ ուժեր ուզում են ավելի ամուր տեղ զբաղեցնել: Մեր ինչ-որ գործողությունների հետ համաձայն չլինելով կամ ինչ-որ բաներ մեր դեմ խոսելով՝ միգուցե, մտածում են, որ այդպես կարող են իրենց տեղն ավելի ամրացնել կամ իրենց տեղն ունենալ ընդդիմադիր դաշտում: Շատ դեպքերում, իհարկե, անցնում են թույլատրելիի սահմանները, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ»,-ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հնարավոր դաշինքին՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ նման համագործակցության անհրաժեշտություն չի տեսնում։

«Դրա իմաստը չկա»,- հակիրճ արձագանքել է նա։

Անդրադառնալով հարցին՝ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժին մրցակից համարելո՞ւ են ընտրությունների ժամանակ՝ Լևոն Քոչարյանը պատասխանել է՝ եթե տարբեր ուժեր են մասնակցում, կամա թե ակամա մրցակից են լինում:

«Բայց եթե կա այն համոզմունքը, որ այդ ուժերը որևէ կերպ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ես շատ լավ եմ նայում նրանց մասնակցությանը»,-ասել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ քանի որ բոլոր ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակն իշխանության չվերընտրվելն է, հնարավոր է, ճիշտ լուծումներ գտնել՝ միմյանց չխանգարելու:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին ասուլիսում ասել էր, որ 2026–ի ընտրություններից հետո խորհրդարան կարող է անցնել երկու ուժ՝ «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող նոր կուսակցությունը՝ չհիշատակելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը։ Սերժ Սարգսյանը, այս հայտարարությանը արձագանքելով, նշել է, որ իրենք ներկայումս զբաղված են այլ գործերով՝ հաջողություն մաղթելով այն ուժերին, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին։