AM
17 Հոկտեմբեր 2025 - 07:31 AMT

Արագածոտնի թեմի հաշվապահի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Արագածոտնի թեմի առաջնորդարանում հոկտեմբերի 15-ի խուզարկություններից հետո ձերբակալված թեմի հաշվապահի խափանման միջոցի քննությունն ավարտվել է: Հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Ավելի վաղ նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել են թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և թեմի գործավարը։

Եպիսկոպոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով։ Եպիսկոպոս Պռոշյանը իր մեղադրանքը չի ընդունում։

«Աբսուրդ է համարում, այս ամենը որակում է եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավի շարունակություն և անիմաստ է համարել վարույթն իրականացնող մարմնին որևէ բան ասել, ցուցմունք չի տվել»,- Factor TV-ի հետ զրույցում ասել էր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նախաքննական մարմինը հայտնել է, որ ավելի քան երկու տասնյակ վայրում իրականացված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, որոնք համարվել են էական քրեական վարույթի համար, ինչպես նաև՝ էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող տարբեր կրիչներ, առանձնապես խոշոր չափի գումարներ, մեծաքանակ ոսկյա և արծաթյա զարդեր, բազմաթիվ վառելիքի կտրոններ, որոնք ձևակերպվել են տարբեր առևտրային ընկերությունների անվան վրա, ինչպես նաև մի շարք այլ իրեր ու առարկաներ։