AM
17 Հոկտեմբեր 2025 - 07:58 AMT

ՄԻՊ–ը տեսակցել է Օհանյանին՝ ՔԿՀ-ում բռնության լուրերից հետո

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ արագ արձագանքման այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, ըստ որոնց՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված Նարեկ Օհանյանը ենթարկվել է բռնության։ Այդ մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնում է Factor.am-ը։

Օրեր առաջ Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ Օհանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն էր գործադրվել։ Ըստ մամուլի՝ բռնությունը գործադրվել է մենախցից ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո, ինչից հետո նրան կրկին տեղափոխել են մենախուց։

FactorTV-ն դիմել է Քրեակատարողական ծառայությանը, սակայն մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը տեղեկություն չի տրամադրել՝ պարզաբանելով, որ իրավասություն չունեն նման տեղեկություն հայտնելու։ ՄԻՊ աշխատակազմից ասել են, որ այցելել են Օհանյանին։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 13-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձը ենթարկվել է բռնության։ Հրապարակման նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Բացի այդ, պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ, ազատությունից զրկված անձի հետ անցկացվել է առանձնազրույց, որի մանրամասները խորհրդապահական են և հրապարակման ենթակա չեն»,- նշել է ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։

Միևնույն ժամանակ, Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հերքել է բռնության մասին շրջանառվող լուրերը։

«Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը: Նա չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,– գրել է պաշտպանը։

Նարեկ Օհանյանը կալանավորվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով։ Սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում։ Գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։

Հայտնի է, որ Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու հոդվածով, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար։