AM
17 Հոկտեմբեր 2025 - 08:31 AMT

Մարուքյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջում է չեղարկել Արարատը կնիքներից հանելու որոշումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2025 թ. սեպտեմբերի 11-ի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու մասին որոշում։ Այդ մասին նա ինքն է հայտնել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մարուքյանը դատարան է դիմել հոկտեմբերի 16-ին։

«Հստակ հիմնավորել եմ, որ նախ՝ էն որոշումը, որով հեռացվում է պատկերը (խոսքն Արարատ լեռան մասին է. խմբ․), որևէ ձևով պատճառաբանված չէ ու գրված չէ որոշման մեջ, որ պատկերը հեռացվում է։ Ուղղակի նոր կարգ են սահմանել՝ հեռացնելով, դուրս թողնելով Արարատ լեռը, սակայն քաղաքական մեկնաբանությունները կառավարության ղեկավարի, իշխող ուժի ներկայացուցիչների այնպիսին են, որ դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշ զինանշանին։ Զինանշանը սահմանված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ զինանշանի մասին օրենքով, և, հետևաբար, կառավարության այդ որոշումն ու այն մեկնաբանությունները, որ իշխող ուժի ներկայացուցիչները տվել են, հակօրինական են և հակասում են զինանշանի մասին օրենքին»,- ասել է Մարուքյանը։

Մարուքյանը նաև հայտնել է, որ դատարանին դիմել է՝ պահանջելով որպես հայցի ապահովման միջոց կասեցնել որոշման իրականացումը, քանի որ նոյեմբերի 1-ից նախատեսվում է կնիքների նոր ձևաչափի ներդրում՝ առանց Արարատ լեռան պատկերի։

«Դատարանին խնդրել եմ, որ կասեցվի այդ որոշումը, ու մենք շարունակենք ունենալ Արարատ լեռը կնիքի վրա, մինչև որ դատարանը, ըստ էության, կքննի»,- ասե; է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ կառավարության ընդունած որոշման տեքստում պարզապես ներկայացված է նոր կնիքի նկարագրությունը, բայց որևէ տեղ բաց տեքստով նշված չէ, որ Արարատ լեռան պատկերը հանվում է։ Նրա համոզմամբ՝ նույնիսկ ամոթալի կլիներ այդպիսի դրույթ նիստում բարձրաձայնել։

Մարուքյանը հայցադիմումում մեջբերել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հատվածներ, որտեղ ըստ Մարուքյանի՝ նշված է, թե Արարատը բիբլիական լինելով հանդերձ, հանդիսանում է խնդրահարույց խորհրդանիշ, չունի իրավական հիմնավորումներ և այլն։

«Նմանատիպ խայտառակ մեկնաբանություններ են տրվել, թե ինչու է այդ որոշումը ընդունվել, սակայն որոշման մեջ, ըստ էության, այդ ձևակերպումները չկան»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ դեռևս տեղեկություն չունի՝ արդյոք դատարանը ընդունել է իր հայցադիմումը վարույթ, թե մերժել։

Մարուքյանը գործը ներկայացրել է որպես շարքային քաղաքացի, քանի որ համոզված է՝ այս որոշումը անմիջականորեն առնչվում է իր իրավունքներին ու ինքնությանը։

Նրա պնդմամբ՝ եթե հիմա չառաջնորդվեն, ապա հաջորդ քայլը կլինի փոփոխություններ կատարել նաև զինանշանի մասին օրենքում՝ այդ խորհրդանիշը փոխելու նպատակով։

«Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա է պետք չհանդուրժել էս ամեն ինչը, ոչ թե սպասել, որ մի հատ էլ հասնեն զինանշանի քննարկմանը։ Այն հիմնավորումները, որ իրենք ներկայացրել են, արդեն իսկ այն մասին է, որ զինանշանն են նրանք անարգում»,- եզրափակել է Մարուքյանը։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։

Կառավարությանը հարցը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հիմնավորելով, որ գործող որոշման մեջ առկա են որոշ ներքին հակասություններ և խմբագրական թերություններ, որոնք անհրաժեշտ է շտկել։ Դրա արդյունքում սահմանվել են կնիքների նոր տեխնիկական չափորոշիչներ, որոնց նախագծում՝ որպես միակ նկատելի փոփոխություն, բացակայում է Արարատ լեռան պատկերը։

Սեպտեմբերի 11-ին կայացած կառավարության նիստում այս հարցը ընդգրկված է եղել չզեկուցվողների ցանկում։ Փոփոխությունները կատարվել են 2011 թվականի մայիսի 12-ի համապատասխան որոշման մեջ։