AM
17 Հոկտեմբեր 2025 - 08:36 AMT

Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է ԱՄՆ հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։

Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։