AM
17 Հոկտեմբեր 2025 - 08:59 AMT

Եպիսկոպոս Բարսեղյան․ Ի՞նչ է, 2018–ին կաթողիկոսը մեզ պարտադրե՞լ է մասնակցել ցույցերին

Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, անդրադառնալով վերջին օրերին իր հոգևոր եղբոր հասցեին հնչած մեղադրանքներին և վերհիշելով 2018–ի ապրիլ–մայիսի իրադարձությունները, հարց է բարձարացրել«Ի՞նչ է, Հայոց Հայրապետը մեզ պարտադրե՞լ էր մասնակցել ցույցերին…»։

«Այս օրերին հոգևոր եղբորս շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և նրան ներկայացված անհիմն մեղադրանքներն ինձ ստիպեցին մտովի տեղափոխվել ոչ հեռավոր 2018 թ., մայիսի 20-ը։ Այդ օրը ներկայիս իշխանության ներկայացուցիչները փողոցում էին և ընդդիմադիր ցույց էին անցկացնում։ Քանի որ օրը կիրակի էր, ես հոգևոր եղբայրներիս հետ քայլում էի դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Պատարագին մասնակցելու համար։

Նոր էինք մտել Տաճար, երբ հանկարծ ներս մտավ Վեհի գավազանակիրը՝ ինձ և մի քանի հոգևոր եղբայրներիս շտապ հրավիրելով Վեհարան՝ Հայրապետի մոտ։ Երբ ներս մտանք, Հայոց Հայրապետը նորություններով անհանգստությամբ հետևում էր փողոցում տեղի ունեցող իրադարձություններին։ Փաշինյանին ձերբակալել էին, և ցուցարարները վրդովված ու շիկացած մթնոլորտում այս ու այն կողմ էին քայլում՝ պատրաստվելով տեղափոխվել Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջև՝ Ն. Փաշինյանին ազատելու պահանջով, քանի որ լուր էր տարածվել, թե վերջինս այնտեղ է ձերբակալված։ Իրավիճակը իսկապես պայթյունավտանգ էր, իսկ Վեհը՝ մտահոգ՝ ցուցարարների և ոստիկանների պոտենցիալ բախման վտանգով։

Հայրապետը՝ որպես բոլորի հոգևոր հայր, անհանգստությամբ խոսելով իրավիճակի մասին, նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու բախում և արյունահեղություն ցուցարարների ու ոստիկանների միջև։ Այդ պահին միմյանց նայելով՝ միաբան եղբայրներով մտքեր փոխանակեցինք և Հայոց Հայրապետին ասացի․ «Վեհափառ, ուրեմն ինչո՞ւ ենք սպասում, հապաղում ենք»։ Եվ արագ ուղևորվեցինք ցուցարարների մոտ։

Այստեղ չեմ ցանկանում անդրադառնալ այդ ճակատագրական պահին հոգևորականների՝ ցուցարարների և ոստիկանների միջև հայտնվելու արդյունքում կանխված անդառնալի բախման ողբերգական հնարավոր հետևանքներին (ի դեպ, այս մասին մի հաղորդման մեջ մանրամասն անդրադարձել է այդ օրերին ինձ հետ եղած հոգևոր եղբայրներիցս մեկը՝ Զաքարիա վարդապետը)։

Պարզապես ուզում եմ մի հարց հնչեցնել․ ի՞նչ է, Հայոց Հայրապետը մեզ պարտադրե՞լ է մասնակցել ցույցերին…»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։