Կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի անդամ Աբգար Պողոսյանը հայտարարել է, որ Կոչուբաևի գրառման մեջ հանցակազմ չկա, սուր քննադատական խոսք է։
«Ընդ որում, խոսքն ուղղված է եղել «հոգիները սատանային ծախած» անձանց և հետևաբար, հարց է առաջանում, թե ով պետք է այդ արտահայտությունն իր դեմ ընկալի»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Պողոսյանն ասել է, որ այդ ամենը պատժիչ բնույթ է կրում, ընդ որում, նման ցուցադրական ձերբակալումը։
«Պարզ է, չէ՞, որ Կոչուբաևը փախուստի դիմելու փորձ չէր անելու»,- նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական դատավարությամբ կալանք նախատեսվում է բացառիկ դեպքերում, իսկ այս իրավիճակում առկա է կոշտ և ցուցադրական ձերբակալություն, որն ըստ նրա՝ կարելի է դիտարկել որպես պատվիրված գործողություն։
Ըստ Պողոսյանի, սա ոչ միայն ուղղված է Կոչուբաևի, այլև ամբողջ իրավապաշտպան դաշտի դեմ։
«Դուք պատկերացրեք հիմա սովորական քաղաքացիների ապրումները, երբ տեսնում են, որ իրենց պաշտպանողների իրավունքներն են նման ձևով ոտնահարվում, ապա իրենց իրավունքներն ինչ կարգի կարող են ոտնահարվել։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու, լռեցնելու համար է, բայց եթե որևէ մեկը մտածում է, որ ռեպրեսիայի միջոցով կարող են լռեցնել Կոչուբաևին, ապա չարաչար սխալվում են»,–ասել է նա։
Պողոսյանը պարզաբանել է, որ դեռևս հայտնի չէ՝ ով է տուժող ճանաչված անձը այս վարույթում, կամ որ քննիչը, դատախազը կամ դատավորն է համարել, թե Կոչուբաևի խոսքն ուղղված է իր դեմ։ Նրա կարծիքով՝ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է՝ պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն քննադատության։ Կոչուբաևի արտահայտությունը՝ որպես քրիստոնյայի դժգոհություն, վերաբերել է բացառապես «հոգիները սատանային ծախած անձանց», ինչը սահմանափակում է դրա հասցեատերերի շրջանակը։
Պաշտպանական կողմը դեռ չի ստացել կալանավորման որոշման պատճենը, սակայն ստանալուց հետո պատրաստվում է բողոքարկել այն։ Միջնորդության հիմքերի մանրամասները պաշտպանը չի հրապարակել, սակայն ընդգծել է, որ գործը վերաբերում է միջին ծանրության հանցանքով մեղադրվող փաստաբանին, որը ներկայացնում է բազմաթիվ քաղաքացիների շահերը։ Այսպիսով, նրա մեկուսացումը հանգեցնում է նաև այլ անձանց իրավունքների խախտմանը։
«Այս պայմաններում ընտրվել է ամենախիստ խափանման միջոցը, ընդ որում՝ հաղորդակցման իրավունքի բացարձակ արգելքով»,- նշել է Պողոսյանը։
Հոկտեմբերի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից, Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմիցԼ Այս միջադեպից հետո հայտնի է դարձել, որ ձերբակալման շարժառիթը փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է եղել, որում նա քննադատել է իրավապահ համակարգը՝ կապված Մկրտիչ Սրբազանի կալանավորման հետ։
Դատախազության կողմից Կոչուբաևի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որն առնչվում է դատավորների, դատախազների կամ քննիչների հասցեին հրապարակված տեղեկությանը, եթե այն վնաս է հասցնում նշված անձանց օրինական շահերին՝ նրանց ծառայողական գործունեության հետ առնչությամբ։ Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Մասիս Մելքոնյանի նախագահությամբ կայացած նիստում դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Կոչուբաևին։






