AM
17 Հոկտեմբեր 2025 - 12:17 AMT

Նաթան սրբազանի և կաթողիկոսի նախկին գավազանակրին վերագրվող խոսակցության ձայնագրությունը կքննվի

Համացանցում հայտնվել է մի խոսակցության ձայնագրություն, որը, ըստ «Հայկական ժամանակի», վերաբերվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի միջև 2023 թվականի հոկտեմբերին կայացած զրույցին։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են»,–ասվում է հրապարակման մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։