AM
17 Հոկտեմբեր 2025 - 13:07 AMT

Փաստաբան Ալեքսանյան․ Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ իր գործընկեր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով անժամկետ գործադուլ է հայտարարում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,-ասվում է գրառման մեջ։

Գործադուլի կոչով հանդես են եկել նաև Տիգրան Աթանեսյանը, Արայիկ Պապիկյանը և մի շարք այլ փաստաբաններ։

Կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի անդամ Աբգար Պողոսյանը հայտարարել է, որ Կոչուբաևի գրառման մեջ հանցակազմ չկա, սուր քննադատական խոսք է։

Հոկտեմբերի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից, Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմիցԼ Այս միջադեպից հետո հայտնի է դարձել, որ ձերբակալման շարժառիթը փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է եղել, որում նա քննադատել է իրավապահ համակարգը՝ կապված Մկրտիչ Սրբազանի կալանավորման հետ։

Դատախազության կողմից Կոչուբաևի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որն առնչվում է դատավորների, դատախազների կամ քննիչների հասցեին հրապարակված տեղեկությանը, եթե այն վնաս է հասցնում նշված անձանց օրինական շահերին՝ նրանց ծառայողական գործունեության հետ առնչությամբ։ Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Մասիս Մելքոնյանի նախագահությամբ կայացած նիստում դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Կոչուբաևին։