Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը երկայացրել է բարեվարքության ոլորտում առկա զարգացումները։
Նա նշել է, որ բարեվարքության համակարգը շարունակում է ձևավորվել և ամրապնդվել, և ամեն տարի նոր իրավական կարգավորումներին զուգահեռ անհրաժեշտ է պետական ծառայողների վարքագիծը հարմարեցնել այդ պահանջներին։
Գալստյանը մանրամասն անդրադարձել է բարեվարքության համակարգի հիմնական տարրերին՝ ընդգծելով պաշտոնյաների և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները, դրանցից բխող կանոնները, նվերներ ստանալու սահմանափակումները, պաշտոնի հետ անհամատեղելի գործառույթները, շահերի բախման ռիսկերը և այլ կարգավորումներ։
Նա ներկայացրել է նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծային չափանիշներն ու դրանք ապահովելու մեխանիզմները։
Հանդիպման մասնակիցները գաղափարներ և տեսակետներ են փոխանակել բարեվարքության համակարգի արդյունավետության բարձրացման ու գնահատման գործիքների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեվարքության վերահսկման ինստիտուտի շարունակական կատարելագործումը՝ միևնույն ժամանակ շեշտելով հանրային ծառայողների հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը։
Նա հանձնարարել է հավաքագրել բոլոր առաջարկները, դիտարկումներն ու կարծիքները՝ դրանք դասակարգելով ըստ համապատասխան մարմինների իրավասության և ապահովել դրանց իրականացումը՝ անհրաժեշտ կարգավորումների միջոցով։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև նպատակահարմար է համարել նման ձևաչափի քննարկումների պարբերական կազմակերպումը՝ բարեվարքության համակարգը զարգացնելու և արդիական պահելու նպատակով։






