ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության վերաբերյալ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Տարածված ձայնագրությունում մեկն ասում է. «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։
Զրույցում կողմերը անդրադարձել են նաև ծառայության տեղափոխության թեմային՝ մասնավորապես նշելով. «Ինձ 200 կմ իմ տնից հեռու նշանակում են, եթե իմանամ՝ դրանից հայ եկեղեցին փրկվում ա, ես սիրով 2000 կմ էլ կգնամ, բայց եթե ես իմ մորը և ընտանիքին պիտի թողնեմ, գնամ Վանաձորում ապրեմ, որ զուտ մի մարդ տենց ա ուզում և իմ կյանքում դիսկամֆորտ ա ուզում, ես չեմ ընդունում էդ դիսկամֆորտը իմ կյանքում»։
Մայր Աթոռը արձագանքել է՝ նշելով, որ Կաթողիկոսին վերագրվող այդպիսի ձևակերպումների տարածման նպատակը Եկեղեցու ու հոգևորականների հեղինակազրկումն է և թշնամանքի սերմանումը։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում, սակայն, որևէ դիտարկում չի արվել ձայնագրության բովանդակության վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հրապարակված ձայնագրությունը քննվելու է ընթացող վարույթի շրջանակում։






