Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ու նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող և համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը։
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,-հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր դատախազությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը ենթադրաբար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։ Ըստ հրապարակումների՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:
Ձայնագրությանն արձագանքել է նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը.«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ։






