AM
18 Հոկտեմբեր 2025 - 07:53 AMT

65+ անձանց առողջության ապահովագրությունը ներառելու է ստենտավում, կատարակտի վիրահատություն և այլն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե որ ծառայություններն է նախատեսվում ներառել 65 տարին անց քաղաքացիների առողջության ապահովագրության փաթեթում։

«Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.

Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:

Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:

Կատարակտի վիրահատություն, լեղապարկի հեռացում, ճողվածքների վիրահատություն:

Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):

Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում, սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ), առիթմոլոգիական միջամտություններ( օրինակ աբլացիա):

Քարափշրում:

Հոդերի էնդոպրոթեզավորում:

Դեղորայք ( տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):

Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանադիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի:

Հաա՜, մի բան էլ, քանի «փորձագետները» չեն բզկտել. ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել։

Հ․Գ․ ինչպես պայմանավորվել ենք. շարունակում եք գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, կկարդամ, կարձագանքեմ, կանդրադառնամ»,-նշել է նա։

65+ անձանց առողջության ապահովագրությունը նախատեսվում է ներդնել 2026–ին, սակայն, չի նշվում, թե որ ամսից։