AM
18 Հոկտեմբեր 2025 - 08:14 AMT

Փաշինյանի՝ Ղուկասյանին հանրային կյանքից դուրս շպրտելու հայտարարության մասով հաղորդում է ներկայացվել քննչական

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը Շիրակի մարզային քննչական բաժին հաղորդում է ներկայացել` պահանջելով քննություն սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Ղուկասյանի հասցեին հնչած արտահայտության վերաբերյալ, թե «նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից», հայտնում է Aravot.am-ը։

«Մեր կողմից պաշտոնապես հայտարարություն է ներկայացվել քննիչին, որ Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված հերթական միջոցն է, այնպիսի միջոց, ինչպիսին էր վարչապետի հայտարարությունը, երբ ասում էր, թե նրան պետք է դուրս շպրտենք նաև հանրային դաշտից»,–ասել է նա։

Փաստաբանը ընդգծել է, որ քաղաքական դաշտից ուրեմն կարելի է անձին դուրս հանել՝ ֆիզիկապես կենդանի թողնելով, սակայն հանրային դաշտից, հանրության մեջ ապրելուց մարդուն, ըստ իր պատկերացումների, հնարավոր է դուրս հանել՝ միայն սպանելով։

«Քաղաքական դաշտից անձին կարելի է դուրս հանել՝ ֆիզիկապես կենդանի թողնելով, բայց հանրային դաշտից, հանրության մեջ ապրելուց մարդուն, իմ պատկերացմամբ, հնարավոր է դուրս հանել՝ միայն սպանելով։

Հիմա մի հատ ճշտեք՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունը սպանության կոչ, կամ սպառնալիք չէր, և արդյո՞ք Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված սպառնալիքի հերթական դրսևորումը չէ։

Առնվազն հանցագործության մասին հաղորդում է, որ որոշակի ցածր կասկածանքով ներկայացվել է, և քննիչը գոնե պետք է այդ կասկածանքը ստուգելու համար վարույթ նախաձեռներ։

Քննիչն անգամ այն չի էլ դիտել ո’չ հայտարարություն, ո’չ միջնորդություն։ Հիմա սրանից ակնհայտ էլ ի՞նչ լինի համոզվելու, որ քննչականի համար օրենքն ու օրինականությունն էական չեն, իմ համոզմամբ՝ էական է այն, ինչ քաղաքական առումով է պատվիրված։

Եթե կա օբյեկտիվ քննություն, եթե սխալ եմ, գնացեք, քննեք, ասեք՝պարոն Հայրապետյան, ձեր տված հաղորդման հետ կապված էս ինչ գործողություններ են եղել, պարզվել է, որ ձեր կասկածները տեղին չեն, նույնիսկ դա էլ չեն արեել։ Հետևաբար և նրանց անգործությունը ֆիքսում է նրանց գործողությունների ապօրինությունը, որ քննվողը քաղաքական գործընթաց է»,-ասել է Արամայիս Հայրապետյանը։

Նա նշել է, որ քննչական ներկայացրած իր հայտարարության մեջ նշել է՝ հնարավոր է վարչապետը սխալ արտահայտություն է օգտագործել՝ այլ նպատակ ունենալով, հնարավոր է այդ նպատակով էլ օգտագործել է։

«Ես վարչապետի մտքերը չեմ կարդում, բայց որպեսզի իրավական հարթության մեջ այս ամենը պարզաբանվի, քննություն արեք, պարզեք՝ դա կոպիտ, չմտածված հայտարարությո՞ւն է, թե՞ ուղղորդված կոնկրետ հայտարարություն։ Կարող է, մարդ է, սխալ բառ է ընտրել այս պահին, դա էլ չեմ բացառում, բայց ամեն դեպքում ընդդիմադիր համայնքապետի սպանությունը, Վարդան Ղուկասյանի դեմ ճնշումները և հանկարծ Ազգային Ժողովի ամբիոնից հանրային դաշտից դուրս շպրտելու հավաստիացում։

Ես եմ սխալ հասկացե՞լ, միգուցե, բայց ամեն դեպքում ողջամիտ կասկածելու հիմքեր կան, և այդ կասկածը բավարար էր, որպեսզի իրավական ընթացակարգով դրանք կամ հերքվեին, կամ հաստատվեին», -ասել է Արամայիս Հայրապետյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։

Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։