Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վերջին շրջանում հոգևորականներին ներկայացվող մեղադրանքներին, նշել է, որ մասնակցել է գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին, որպեսզի «հայը հայի վրա ձեռք չբարձրացնի»։
Նա հավելել է, որ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե՛ ժողովուրդը, թե՛ ոստիկանը, թե՛ քաղաքական գործիչը, թե՛ պետական պաշտոնյան:
«2003 թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին: Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի, որպեսզի երկու կողմերն իրար լսելի լինեն և այդ ամենը ծառայի ազգի ու պետության գերագույն շահերին: Եվ գրեթե միշտ մասնակցել եմ իմ հոգևոր եղբայրների ընկերակցությամբ՝ այն վճռականությամբ, որ միշտ պատրաստ պետք է լինենք՝ նաև որպես կենդանի պատ կանգնելու մեր ազգակիցների՝ ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև: Եվ այդ բոլոր տարիներին ապրել եմ և գոհության, և ուրախության, և ծանր դառնության՝ խորը ցավի պահեր…
Եվ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե ժողովուրդը, թե ոստիկանը, թե քաղաքական գործիչը, թե պետական պաշտոնյան: Այո, քանի որ Տիրոջ տան սպասավորն իր հոգևոր խնամքն անխտիր բոլորի վրա է տարածել՝ ազգային համերաշխության ու միասնության թթխմոր դառնալով:
Թող ամենքին լսելի լինի՝ եկեղեցական նվիրապետության մեջ և հոգևոր կյանքում ընդմիշտ թագավորում է ինքնազոհ սերը, նվիրումը և հնազանդությունը՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի և Սբ Ավետարանի վարդապետության:
Այս ամենը գրեցի, որպեսզի դուք, սիրելի հավատակիցներ, ճանաչեք Ճշմարտությունը և զատորոշեք Ճշմարտության կեցուցիչ ձայնը:
Մնանք հաստատուն մեր սուրբ հավատքի մեջ, մնանք հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածային նվիրապետությանը՝ ի գլուխ ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի: Տեր և պաշտպան լինենք մեր ազգային ինքնությանը, ազգային իղձերին և մեր Մայր Հայրենիքին»,–գրել է նա։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






