Վաղարշապատի ընտրություններում առաջադրված «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը, անդրադառնալով իշխանական լրատվամիջոցներով շրջանառության մեջ հայտնված նոր ձայնագրությանը, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ թիրախը վեհափառն է։
«Հենց առաջին օրվանից, երբ իշխանության կողմից արշավ սկսվեց Մայր Աթոռի ուղղությամբ, ակնհայտ էր ու իրենք էլ չեն թաքցնում, որ թիրախը հենց Ամենայն Հայոց կաթողիկոսն է»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նրա կարծիքով՝ սա Մայր Աթոռի ուղղությամբ սկսված համակարգված ճնշումների շարունակությունն է։
«Սկզբից Տավուշի թեմն էր՝ Բագրատ Սրբազանով, հաջորդը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, հետո՝ Մկրտիչ Սրբազանը, հաջոդը կլինի՝ Նաթան Սրբազանը, իսկ հետո … Ես ինքս մեծ մտավախություն ունեմ, էջմիածնեցիներն էլ զգուշացնում եմ, որ բոլոր քաղաքացիները իմանան, որ իրենց նպատակը դա է, փոխել կաթողիկոսին ու Մայր Աթոռը վերցնել իր վերահսկողության տակ»,– նշել է Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ ձայնագրության բովանդակությունը չէ հարցի էությունը։
«Թե ինչ ձայնագրություն է, ինչ է խոսել Նաթան սրբազանը իրենց հոգևոր մյուս ընկերոջ հետ՝ ընդհանրապես էական չի, ընդհանրապես կապ չունի։ Իրենք այս ամբողջ արշավը դեպի եկեղեցի սկսել են հենց կաթողիկոսի անունը տալով և ակնհայտ է, որ ու շատ հստակ է, ու պարզ, որ վերջնական նպատակը նա է։
Նա մի ամբողջ թեմ է ձերբակալում, մի քանի թեմի առաջնորդներ այսօր բանտում են, ի՞նչ է նշանակում սա անձի դեմ է, այսինքն բոլոր եկեղեցու սպասավորների դեմ է»,– նշել է նա։
Լրագրողը հարցրել է՝ արդյոք սա նշանակում է, որ հնարավոր է նույնիսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը դառնա կալանավորման թիրախ։
«Նույնիսկ չեմ ուզում նման բան պատկերացնել, ինչպես կարող եմ մեկնաբանել նման հարցը, մյուս կողմից էլ՝ Փաշինյանից ցանկացած հակապետական, հակաեկեղեցական, հակաազգային, ապազգային քայլ սպասում եմ։ Չկա կարմիր գիծ որ նա չի հատել կամ կվարանի հատել, նրա ոչ մի քայլ այլևս զարմանք չի առաջացնելու»,– ասել է նա։
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ու նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող և համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։






