AM
18 Հոկտեմբեր 2025 - 09:38 AMT

Միրզոյան. ՀՀ–ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե` հաջորդ տարի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնել մի ամսվա ընթացքում, սակայն չի բացառվում, որ այդ քայլը արվի արդեն հաջորդ տարի։ Այս մասին նախարարը ասել է «Deutsche Welle» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանում ընդունվել է օրենք, որով կառավարությունը պարտավորվում է ձգտել ԵՄ-ին անդամակցության, գրում է Sputnik Արմենիան։

«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,– ընդգծել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը զարգացրել է համագործակցությունը Եվրամիության հետ՝ խորացնելով երկկողմ կապերը։ Միրզոյանի խոսքով՝ երկու կողմերն արդեն ունեն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, իսկ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը մեկնարկել է, ընթանում է բավականին արդյունավետ։

Նա նաև հավելել է, որ Երևանն ու Բրյուսելը բանակցում են մի շարք նոր փաստաթղթերի շուրջ, և արդեն ավարտվել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի ուղղությամբ։ Ըստ նրա՝ հնարավոր է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,– ընդգծել է նախարարը։

Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է սկսել ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս նախաձեռնությունը դարձել է լուրջ վեճերի ու տարբեր կարծիքների պատճառ։

Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները քննադատությամբ են արձագանքել ՀՀ կառավարության այս որոշմանը։ Կրեմլում հայտարարել են, որ անհնար է լինել միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ընդգծել է, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն համատեղելի չեն և ՀՀ-ի այս որոշումը դիտարկել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ։