AM
18 Հոկտեմբեր 2025 - 10:16 AMT

Միրզոյան․ Բաքուն ուզում է՝ փոխենք Սահմանադրությունը, ինչը մենք մերժում ենք, բայց ունենք Սահմանադրություն փոխելու օրակարգ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանական DW-ին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ, հայտնում է News.am-ը։

«Մենք համաձայն չենք դրա հետ. մենք ունենք հակափաստարկներ։ Սակայն նրանք կարծում են, որ մեր Սահմանադրության հետ կապված խնդիր կա. սա նրանց տեսակետն է։

Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ. մենք քաղաքական հայտարարություն ենք արել։ ՀՀ Սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած խնդիրը պարզապես գոյություն չունի։

«Սակայն Ադրբեջանն այդտեղ խնդիր է տեսնում, ուստի նախապայմաններ է առաջադրել։ Մենք համաձայն չենք այս պայմանի հետ, բայց, ինչպես ասացի, Հայաստանի նոր Սահմանադրության փոփոխության կամ ընդունման մասին մենք առանց դրա էլ խոսում ենք 2018 թվականից։ Հանձնաժողովն արդեն ավարտում է աշխատանքը, և մենք, ամենայն հավանականությամբ, այս հարցի վերաբերյալ հանրաքվե կանցկացնենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք պատրաստ ենք անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր համաձայնության են հասել ապաշրջափակման գործընթացը կարգավորող մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը չափազանց կարևոր քայլ է։

Նրա խոսքով՝ բանակցային ամբողջ գործընթացում սա ամենակարևոր հատվածներից մեկն է։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի հայկական տարածքում գործող ենթակառուցվածքները գործեն Հայաստանի իրավազորության ներքո, իսկ ադրբեջանականները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո։

«Մենք նախաստորագրեցինք նաև խաղաղության պայմանագիր, որը շատ, շատ կարևոր է։ Զուգահեռաբար, տեղերում գործընթացներ են ընթանում. օրինակ՝ մենք սկսել ենք միջպետական սահմանի սահմանազատումը։ Արդեն որոշել ենք 12 կիլոմետրանոց սահմանային գիծը։ Դա աննախադեպ է։ Նաև փոխադարձ ըմբռնում ունենք այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի այս գործընթացը. մենք համաձայնության ենք եկել սկզբունքների շուրջ»,– հավելել է նախարարը։

Միրզոյանն ընդունել է, որ գործընթացն իր բնույթով հեշտ չէ, հակառակ դեպքում այն արդեն ավարտված կլիներ։ Նա նշել է, որ սահմանազատման աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են նույն դինամիկայով կամ հնարավոր է՝ ավելի արագ։

Խոսելով տրանսպորտային հաղորդակցության հաստատման մասին՝ նա նշել է, որ անհրաժեշտ է պայմանավորվել գործառնության պայմանների շուրջ։ Նրա փոխանցմամբ՝ արդեն իսկ գոյություն ունի համաձայնություն երկաթուղու մի հատվածի մասով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, որը կկառուցվի և կսպասարկվի ամերիկահայկական կոնսորցիումի միջոցով։ Այդ կոնսորցիումը, ըստ նրա, կարող է վարձել երրորդ կողմի ընկերություն՝ ամենօրյա աշխատանքներն իրականացնելու համար։

Հաջորդ փուլում կողմերը կշարունակեն պայմանների հստակեցումը և կսկսեն երկաթուղու մնացած հատվածի շինարարությունը։ Նա չի բացառել, որ կարող է լինել նաև խողովակաշար, բայց այդ դեպքում ամեն ինչ պետք է սկսվի զրոյից։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։