Հոկտեմբերի 19–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր օրհնություն է բերել «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությանը մասնակցող հազարավոր մարդկանց։ Մայր Տաճարում Նորին սրբության հանդիսապետությամբ կատարվել է միասնական աղոթք, որից հետո Վեհափառ Հայրապետը դիմել է հավաքվածներին, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նա նշել է, որ «հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է»։
«Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարկ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի հոլովույթում միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։
Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանումով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։
Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ՝ Տ․ Միքայել արք․ Աջապահյանը, Տ․ Բագրատ արք․ Գալստանյանը, Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանը, Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթքները նրանց հետ են, և հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։
Սիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը»,–ասել է Վեհափառը։
Նա կոչ է արել հավատավորներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, «այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ»։
«Միասնաբար, համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում։ Համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին՝ աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները։ Թող Տերը ապահովություն ու բարօրություն պարգևի ազգիս հայոց ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։ Ձեր ուխտն ի կատար, սիրելիներ», ասել է կաթողիկոսը։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






