ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Չորրորդ Հանրապետություն» փոդքասթին և անդրադարձել է թե՛ երկրի ներքին ու արտաքին զարգացումներին, թե՛ տարածաշրջանային ու գլոբալ գործընթացներին։ Նա նշել է, որ քաղաքականության մեջ իր հայտնվելու և քաղաքականությամբ զբաղվելու պատճառն ի սկզբանե եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը, հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞, թե՝ չէի զբաղվի։ Իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը։
Եվ ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքական ինքնությունը կապված է եղել Ղարաբաղի հետ։ Այն, ինչ կատարվել է հետո, դա հեղափոխականի էվոլյուցիան է»,- նշել է նա։
Ավելի վաղ Փաշինյանն ասել է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
«Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժ, ուզում եք՝ թռեք վերև, ուզում եք՝ իջեք ցած: Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, վաղը, վաղը չէ, մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,–ասել էր 2025–ի մարտին։






