ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բաքվում շարունակվող կեղծ դատավարության ընթացքում արձանագրվել են մի շարք ուշագրավ դրվագներ, որոնք վկայում են գործընթացի կեղծ բնույթի մասին։
Նա նշել է, որ Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց են դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունը։
«Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։
Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:
Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:
ՀՀ իշխանությունների Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների»,-գրել է նա։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






