Գյումրիի քաղաքապետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները շարունակում են գործողություններ իրականացնել քաղաքապետարանում, հայտնում է «Փաստինֆոն»։
Քաղաքապետարանի շենքին է մետեցել շտապօգնության մեքենա։ Քաղաքապետարանի աշխատակազմից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան պատգարակով տեղափոխել են։
Հավաքվել են նաև հարյուրավոր գյումրեցիներ՝ թույլ չտալու, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալեն և տանեն շենքից։ Ոստիկանների և քաղաքացիների միջև պարբերաբար հրմշտոց է լինում։ Քաղաքապետարանի մոտ կարմիրբերետավորների նոր խումբ է բերվել։ Քաղաքացիները վանկարկում են. «Ամո՛թ, ամո՛թ», հայտնում է Sputnik Արմենիան։
«Սա հարձակում է հայրաքաղաքի վրա, ամոթ ձեզ, ինչի՞ համար եք եկել»,– բղավում են Վերածննդի հրապարակում հավաքված գյումրեցիները։
ՆԳՆ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։






