AM
20 Հոկտեմբեր 2025 - 08:54 AMT

Մի շարք ՀԿ-ներ դատապարտել են ընտրովի և ոչ իրավաչափ գործողություններն ընդդիմախոսների դեմ

Մի շարք հասարակական կազմակերպություններ և փորձագետներ խստորեն դատապարտել են վերջին շրջանում Հայաստանում «քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով, հայտնում է Forrights.am–ը։

Հայտարարությունում ընդգծվել է, որ հատկապես մտահոգիչ են դեպքերը, երբ խոսքի ազատության սահմանափակման նպատակով քրեաիրավական միջոցներն «օգտագործվել են քաղաքական նպատակահարմարությամբ, այդ թվում՝ անձանց կալանավորման կիրառմամբ»։

«Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ՝ լռեցնելու հակադիր, քննադատական և անցանկալի խոսքը։

Հոկտեմբերի 16-ին հայտնի է դարձել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության և նրա դեմ մեղադրանք առաջադրելու մասին՝ այն բանից հետո, երբ նա Ֆեյսբուքում հրապարակել է ընդհանրական քննադատություն ուղղված իրավապահ մարմիններին։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձերբակալությունն իրականացվել անհարկի ուժի կիրառմամբ՝ նրան գետնին տապալելով և նվաստացնելով՝ իբր պատժելով իր գրառման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։

Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին»,- նշվում է ՀԿ-ների և փորձագետների հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նման ոչ համաչափ միջամտությունը վերածվում է կամայական գործողության։

«Նման դրսևորումներից է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով,կալանավորումն ու ազատազրկման ձևով պատժի դատապարտումը խոսքի արտահայտման համար այն պայմաններում, երբ նույն խոսքը քրեական հետապնդման մարմինների կողմից նախկինում գնահատվել էր որպես քրեորեն ոչ հետապնդելի, և քրեաիրավական ողջ գործիքակազմը կիրառվել է ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների լարման պայմաններում։ Ավելին, սույն քրեական վարույթով նախաքննության և հատկապես դատական քննության աննախադեպ արագ իրականացումը և ազատազրկումը որպես պատիժ նշանակելու հանգամանքն ընդգծում է արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական արդարադատությունը քաղաքական նպատակահարմարությամբ գործարկելու միտումը։

Նույն մտահոգությունն է առաջացնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիմքով բացառապես ենթադրությունների վրա հիմնված և առերևույթ քաղաքական նկատառումներով հրահանգավորված քրեական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ ու նրա շարունակական կալանքը։

Հատկանշական է, որ 2020-ից մինչ օրս կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հիմքով քրեական գործերի հարուցումը, այդ թվում՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար»,- նշված է հայտարարությունում։

«Արտահայտվելու իրավունքի ոչ իրավաչափ միջամտության մեկ այլ աղաղակող օրինակ է 2020թ․ Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը, որը նպատակ ունի ազդելու Արսեն Ղուկասյանի կողմից իր բողոքն արտահայտելու և հավաքների մասնակցելու իրավունքի իրացման վրա, ավելին՝ զսպիչ գործոն հանդիսանալու անհայտ կորած այլ զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ՝ ազդելով նրանց կողմից իշխանություններին ներկայացվող իրավաչափ պահանջների և քննադատության արտահայտման իրավունքի վրա։ Ավելին, տեղեկություններ էին հրապարակվել, որ Արսեն Ղուկասյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչն առավել ցցուն է դարձնում նրա նկատմամբ կիրառված կալանքի անօրինականությունը։

Նման պրակտիկան խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրողները պահանջել են.

– Հանրային իշխանության ներկայացուցիչները զերծ մնան դատական համակարգի և իրավապահ մարմինների վրա ճնշում գործադրելուց, ինչպես նաև չխախտեն անմեղության կանխավարկածը՝ հրապարակային հայտարարություններով,

– Դատարանները ղեկավարվեն բացառապես Սահմանադրությամբ, միջազգային պարտավորություններով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը,

– Ապահովեն խափանման միջոցների և «ողջամիտ կասկածի» գնահատման պատշաճ ընթացակարգ,

– Քննչական կոմիտեի և դատախազության աշխատակիցները կատարեն անկախ և արդյունավետ քննություն՝ օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ապահովելով ներգրավված անձանց իրավունքների ամբողջական պաշտպանությունը,

– Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձեռնպահ մնան անհարկի ուժի կիրառումից և խախտումներից՝ առաջնորդվելով սահմանադրական ու իրավական նորմերով։

Հայտարարությունը ստորագրել են՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ–ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ն, Հանրային լրագրության ակումբ ՀԿ–ն,

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ–ն, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ–ն,

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ–ն, ՄԻՏՔ ՀԿ–ն,

կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանը։