«Հայաքվե» նախաձեռնությունն, անդրադառնալով քաղաքական ուժերի դիրքավորմանը, նշել է, որ գուցե առանձին վերցրած որևէ ընդդիմադիր ուժ այս պահին չունի ավելի բարձր վարկանիշ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց դրանից չի հետևում, որ մինչև ընտրությունները չի ունենա։
Ըստ նախաձեռնության՝ մինչև ընտրություններ «իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել»։
«Ի վերջո, ընտրությունները սրանից ամիսներ անց են, մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել, որոշ ընդդիմադիր առաջնորդներ կարող են շատ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, քան իշխանությունը: Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը: Սա տարբերակներից մեկն է։
Կարող է նաև պարզվել, որ ընտրություններին մասնակցում է մի քանի ընդդիմադիր դաշինք, և միասին վերցրած` նրանք ավելի մեծ քանակությամբ ընտրողների ձայներ են ստանում, քան իշխանությունը, և կարողանում են պայմանավորվել փոխադարձ ընդունելի թեկնածուի շուրջ։ Այդպես եղավ, օրինակ, Գյումրիում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






