Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արզումանյան 10 և 17 հասցեներում չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին՝ ընդգծելով դրա կենսական անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ թեև Երևանի քաղաքապետարանը չունի իրավական պարտավորություն ծրագրի իրականացման հարցում, այնուամենայնիվ այն նախաձեռնել է՝ բնակիչների կյանքի ու անվտանգության համար վտանգներից խուսափելու նպատակով, հայտնում է Radar Armenia-ն։
«4-րդ կարգի վթարային շենքում բնակարաններն ու հասարակական տարածքներն արժեն 0 դրամ, քանի որ դրանք փլուզման վտանգի տակ են», – նշել է Ավինյանը։
Քաղաքապետը հիշեցրել է, որ քաղաքային իշխանությունները բնակիչներին առաջարկել են վերաբնակեցման նախագիծ, որի համաձայն՝ այդ տարածքում կկառուցվի նոր շենք, իսկ բնակիչները կստանան նոր բնակարաններ՝ ներկայիս անօգտագործելի տարածքների փոխարեն։
«0 դրամը պետք է վերածվի բնակարանի, և բոլոր նրանք, ովքեր դատական գործընթացներով խոչընդոտում են, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը», – ասել է նա։
Տիգրան Ավինյանը հավելել է, որ իրեն չեն հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառները, անկախ նրանից՝ տեխնիկական են, թե այլ բնույթի։ Նա ընդգծել է, որ բնակիչները հաճախ չեն գիտակցում իրական վտանգը։
«Ի՞նչ է լինելու վերջում, ի՞նչ են պատկերացնում: Այդ ձգձգումներով ի՞նչ ենք անելու: Ասեմ՝ եթե խնդիրը չլուծվի, մի օր այդ շենքերը պարզապես կփլվեն, և պատասխանատվությունը, առաջին հերթին, կրելու են նրանք, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը», – հայտարարել է նա։
Նույն հայտարարությունն Ավինյանն արել էր նաև 2024–ի հոկտեմբերին։ 16 գույքերի չկնքված պայմանագրեր կան: Դատական գործընթացները շարունակվում են:






