Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը համոզվածություն է հայտնել, որ կառուցվելիք Ակադեմիական քաղաքը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանային հաբ։ Այդ մասին նա ասել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումի» բացման ժամանակ։
«Սա այն ծրագիրն է, որ, հետևելով մեր կառավարության առաջնահերթ օրակարգին՝ «Խաղաղության խաչմերուկին», ցույց է տալիս այն հնարավորությունները, որ կարող են լրացնել բաց սահմանները՝ բովանդակային համագործակցության նոր հեռանկարով՝ «Խաղաղության խաչմերուկը» վերածելով նաև գիտելիքի և նորարարության խաչմերուկի»,- նշել է Անդրեասյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նախարարը հավելել է, որ Ակադեմիական քաղաքի զարգացումը նախատեսում է նաև մասնավոր հատվածի ներգրավվածություն։
«Օրինակ՝ տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գրասենյակներն ակադեմիական քաղաքի ստարտափ թաղամասում, համատեղ հետազոտություններ և կրթական ծրագրեր նախաձեռնել, բազմաթիվ միջոցառումներ կարող են պլանավորվել և կազմակերպվել Ակադեմիական քաղաքում նախատեսվող ազգային ստադիոնում։ Սպորտային մյուս ենթակառուցվածքներով, բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը կարող է հյուրընկալել փառատոններ, համերգներ, ներկայացումներ, համաժողովներ ու քննարկումներ»,- ասել է Անդրեասյանը։
«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն։
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:
Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ:






