ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակում է կաթողիկոսի դեմ գործողություններ իրականացնել` մտածում է դա անել Էջմիածնի ընտրություններից առա՞ջ, թե հետո, հայտնում է Aysor.am-ը։
«Խոնարհաբար Վեհափառ Տիրոջն ասում եմ, որ գործողությունների այնպիսի տրամաբանություն է մշակվում, որ, իսկապես, կարող է վտանգել Մայր Աթոռը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու․ իր գործողությունները մի քիչ առաջ, մի քիչ հետո՝ պլանավորել է և իրականացնելու է։
Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ, Մայր Աթոռը՝ մի փոքր հետ։ Դա կապված է Էջմիածնի ընտրությունների հետ։ Կարծում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն արձանագրել են, որ հարձակումը տեղի է ունենալու, և համախմբված պետք է հակազդեցության օջախ ձևավորել»,-ասել է Գրիգորյանը։
Նա նաև ընդգծել է, որ խնդիրը անձնական չէ և չի սահմանափակվում կաթողիկոսի դեմ ուղղված քայլերով։
«Եթե Կաթողիկոսի դեմ խնդիր լիներ, խնդրում եմ բացատրեք՝ ինչո՞ւ են երեք թեմի առաջնորդները ձերբակալված։ Չէ, սա ամբողջ ինստիտուտի և վերնախավի գլխատում է»,–ասել է պատգամավորը։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






