Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «չի հաշտվել Գյումրիի ընտրություններում կրած պարտության փաստի հետ և ներկայումս փորձում է ամեն գնով վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ»։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։
«Սրանով չեն բավարարվելու, անցնելու են նաև այն քաղաքներին, որտեղ ընդդիմադիր քաղաքապետեր կան»,- նշել է Մելքոնյանը, գրում է Sputnik Արմենիան։
Պատգամավորի խոսքով՝ Վարդան Ղուկասյանը կանխազգացել է նման զարգացումների հավանականությունը, և այդ պատճառով էլ չի ցանկացել, որ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնի ՔՊ-ից ընտրված ավագանու անդամ՝ թույլ չտալու համար, որ քաղաքը հայտնվի իշխող ուժի ձեռքում։
«ՔՊ անդամների վարքագծից արդեն պարզ էր, որ գնալու են այսպիսի գործողության»,- նշել է Մելքոնյանը։
Իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Վարդան Ղուկասյանի դեմ սկսված հանրային քրեական հետապնդմանը, Մելքոնյանը արձագանքել է՝ նշելով, որ այս գործընթացում հերթական անգամ ոտնահարվել է անմեղության կանխավարկածը։
Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանը արձագանքել է այդ հայտարարությանը՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելով վարչապետի խոսքերին։ Նրա խոսքով՝ Փաշինյանն իր խոսքի համար պետք է պարզաբանում տա, քանի որ «հանրային դաշտից դուրս շպրտել» արտահայտությունը, ըստ Ղուկասյանի, կարող է նշանակել կյանքի իրավունքից զրկում։






