«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանն ասել է, որ, ըստ ահազանգերի, Գյումրիի մանկապարտեզներից ծնողներին զանգահարում են և պահանջում տանել երեխաներին, քանի որ գնալու են հրապարակ։
«Հարյուրավոր քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ զանգում են ծնողներին, ասում են՝ եկեք երեխաներին տարեք, մենք պետք է գնանք հրապարակ՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի»,- ասել է Պալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
«Պարտադրանք է, սպառնում են, որ եթե չեկաք հրապարակ, չմասնակցեցիք էդ ցույցին, չեք լինելու ձեր տեղերում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ փորձ է արվում քաղաքը պարալիզացնել։
«Վստահ եմ՝ ամեն ինչ շատ արագ կարգավորվելու է, Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր լիազորությունների շրջանակում, վստահ եղեք, կգործի։ Իրենց ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցներին ստիպողաբար տարել, լցրել են հրապարակ, ստիպում են, որ այստեղ ներկա գտնվեն։ Բայց «մեծաթիվ» մարդիկ չկան, ինչպես ներկայացնում են, փորձում են իմիտացիա ստեղծել, որ իրենց կողքին մարդիկ կան կանգնած։ Դրանք իրենց թաղի ներկայացուցիչներն են, վատ իմաստով, հայտնի դեմքեր են։ Վստահ եմ՝ Գյումրիում շատ արագ ամեն ինչ հունի մեջ կընկնի»,-նշել է նա։
Գյումրիի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը ևս անդրադարձել է հարցին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով տեսանյութեր այն մասին, թե ինչպես է այցելել մանկապարտեզներ, որոնք, նրա պնդմամբ, աշխատանքային ժամերին փակ են։ Հարությունյանն արդեն եղել է «Գոհար», «Լիլիթ», «Թոռնիկ Մանուշակ», «Ձյունիկ» մանկապարտեզներում և փաստել՝ դռները փակ են եղել։
Իսկ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը իր հերթին նշել է, որ իրավապահների գործողությունների հետևանքով են խաթարվել քաղաքային ծառայությունները։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան, ներառյալ՝ աղբահավաք և ջրցան մեքենաները, տարվել են Ախուրյանի հատուկ պահպանվող տարածք, ինչը դիտարկում է որպես ծրագրված գործողություն քաղաքը պարալիզացնելու նպատակով։
«Տեղեկացա, որ Գյումրիի քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան տարված է։ Ջրցանները և աղբահավաք մեքենաները տարվել են Ախուրյանի պահպանվող հատուկ տարածք։ Հատուկ գործողություն են արել, քաղաքն էլ են պարալիզացրել։ Մեքենաները դուրս են եկել աղբ հավաքելու, պարզվում է՝ վարորդների հետ միասին տարվել են»,- նշել էր Աղեկյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։






