AM
20 Հոկտեմբեր 2025 - 11:36 AMT

Գյումրիում բախում է եղել ցուցարարների և ոստիկանների միջև․Ղուկասյանին և Գասպարյանին տարել են

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց ի պաշտպանություն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, կան բերման ենթարկվածներ, հայտնում է Արմենպրեսը։

Բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են շենքի առջև ոստիկանական պատ կազմել՝ հնարավորություն տալու իրավապահներին համայնքապետարանի շենքից դուրս բերել համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին։ Վերջինիս նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում է կայացրել։

Մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել ոստիկանների գործողություններին, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում։ Տարածված տեսանյութերում երևում է, որ ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կան բերման ենթարկվածներ։ Թե քանի անձ է բերման ենթարկվել, ՆԳՆ-ից չեն հայտնել՝ խոստանալով ավելի ուշ տեղեկատվություն տրամադրել նաև բերման ենթարկվածների թվի վերաբերյալ։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը քննիչների ուղեկցությամբ դուրս է բերվել քաղաքապետարանի շենքից։ Նրան նստեցրել են մեքենա և տեղափոխել անհայտ ուղղությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյումրիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքով։ Ըստ կոմիտեի՝ ձերբակալվել է 8 անձ, որոնց թվում են համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի շենքից դուրս է եկավ քաղաքապետարանի հետնամուտքից։ Նրան տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ղուկասյանին դուրս են հանել քաղաքապետարնի հետևի մուտքից ու վազեցնելով նստացրել մեքենա։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյումրու համայնքի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի նկատմամբ, հարուցվել է քրեական վարույթ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է ութ անձ։