AM
20 Հոկտեմբեր 2025 - 11:54 AMT

«Մեր ձևով» շարժումն իր «անվերապահ սատարումն է հայտնել Գյումրիի ընտրված քաղաքապետին»

«Մեր ձևով» շարժումն իր «անվերապահ սատարումն է հայտնել Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում»։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։

«Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Գյումրիում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ուղղված չեն անձամբ Վարդան Ղուկասյանի դեմ, այլ՝ ժողովրդի քվեի, որը, ըստ նրա, անհրաժեշտ է պաշտպանել՝ ժողովրդավարության հիմնական սպառնալիքի դեմ։

«Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սաղաթելյանը երկու հանգամանք է հիշեցրել։

«Երկու հիշեցում։

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։

Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։

Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։

Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»,–ասվում է գրառման մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Գյումրու համայնքի մի շարք պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքերի մասին։ Այդ մեղադրանքով ձերբակալվել է ութ անձ, որոնց թվում՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։