AM
20 Հոկտեմբեր 2025 - 11:56 AMT

Չեխիան կշարունակի աջակցել ՀՀ բնապահպանական բարեփոխումներին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ քննարկել է բնապահպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ձևավորված համագործակցության զարգացումը։

Քննարկման առանցքում եղել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա Twinning ծրագիրը, որը համատեղ իրականացվում է Չեխիայի և Ֆինլանդիայի Հանրապետությունների մասնակցությամբ։

Մաթևոսյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի բնապահպանական կառավարման համակարգի բարելավման գործում, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Twinning նախաձեռնության շրջանակում մշակված օրենսդրական և կառավարման նոր մոտեցումները կնպաստեն նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության ապահովման ուղիները և հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#CoP17) շրջանակում համագործակցությանը և համատեղ քայլերին։

Պիրունչիկը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները բնապահպանության ոլորտում՝ ընդգծելով, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանի բնապահպանական բարեփոխումներին, հատկապես՝ ԵՄ չափանիշների ներդրման և կայուն զարգացման սկզբունքների կիրառման գործընթացում։

Կողմերը նաև քննարկել են բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրագործման նպատակով քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներգրավվածության խթանման մեխանիզմները, մասնավորապես՝ հանրային իրազեկվածության բարձրացման և մասնակցային կառավարման համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Համբարձում Մաթևոսյանը և Պետր Պիրունչիկը ընդգծել են, որ երկկողմ համագործակցությունը մեծապես կխթանի Հայաստանի բնապահպանական ինստիտուտների զարգացումը, միջազգային լավագույն փորձի կիրառումը և համատեղ նախաձեռնությունների ընդլայնումը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման նպատակների իրագործմանը։