AM
20 Հոկտեմբեր 2025 - 12:08 AMT

ԿԳՄՍՆ-ն՝ Գյումրիում մանկապարտեզների փակման մասին․ Ապահովել անխափան ուսումնական գործընթաց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։

Նախարարությունը է հորդորել է ապահովել անխափան ուսումնական գործընթաց։

«Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները։

Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն։

ԿԳՄՍ նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Մինչ այդ, Ազգային ժողովի պատգամավոր Քնարիկ Հարությունյանն էր ահազանգել, որ Գյումրու մի շարք մանկապարտեզներ չեն գործել՝ աշխատակիցների նկատմամբ հավաքներին մասնակցելու պարտադրանքի պատճառով։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ քննվող քրեական վարույթի շրջանակում Գյումրու համայնքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Համայնքի մի քանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, ներկայացվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներ։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 8 անձ։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հրապարակել է դեպքին առնչվող ձայնագրություններ։