Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հոկտեմբերի 19–ին համացանցում հայտնված ձայնագրության առթիվ, որում առերևույթ խոսակցություններ են հավաքին գումարի դիմաց մասնակցելու վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ասել է, որ համացանցում հայտնված ձայնագրության առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ձայնագրությունում, որը լայնորեն տարածվել է սոցիալական հարթակներում, խոսակցություններ են գումարի դիմաց ինչ-որ երթի մասնակցելու վերաբերյալ։ Զրուցակիցներից մեկն ասում է, որ 20,000 դրամ աշխատելու տարբերակ է առաջարկում։
«Հորս արև, ասա 5 հոգի բերում ա, թող 100 հազար տա»,–ասում է զրուցակիցներից մեկը։ «Արա, ինչքան բերեց, հանի, դնի ջեբդ…»,–պատասխանում է մյուսը և այլն։
Ըստ գործող օրենսդրության՝ հավաքների ազատության սահմանադրական իրավունքի խախտման, ինչպես նաև հավաքներին հարկադրական կամ նյութական մեթոդներով ներգրավելու փորձերը կարող են դիտվել որպես քրեորեն պատժելի արարք։






