AM
20 Հոկտեմբեր 2025 - 12:35 AMT

Փաշինյանն ու Հռոմի պապն անդրադարձել են ՀՀ և Ադրբեջանի միջև հումանիտար հարցերին

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին սրբություն Լեոն XIV-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Նորին Սրբությանը Հռոմի քահայանապետ ընտրվելու առթիվ՝ մաղթելով ուժ և հաջողություն սուրբ առաքելության իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհին։ Նա վստահություն է հայտնել, որ Լeոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման։

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լեոն XIV-րդ Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։