ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, արձագանքելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ստեղծված իրավիճակին, ասել է, որ իր համար տեղի ունեցածը շոկային է։ Այդ մասին նա ասել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումից» հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հաշվի առնելով այն, որ իրավական գործընթաց կա, բոլորս կարիք ունենք դատական վճռին սպասելու, ես էլ կսպասեմ դրան։ Արդեն իսկ տարածված տեղեկատվությունն ավելի քան մտահոգիչ է։ Մենք մեծ անելիք ունենք՝ հասկանալու խնդիրները։ Համալսարանն աուդիտ է անցել, ինչպես և անցնում է ցանկացած հիմնադրամ, տարբեր համապատասխան կառույցներ պարբերաբար ստուգումներ են անցկացրել։ Այն, ինչ տարածված է հաղորդագրությամբ, մեղմ ասած` ինձ համար շոկային է, ու ես կարծում եմ, որ նման իրավիճակները պետք է բացառվեն ցանկացած բուհում, մասնավորապես Մանկավարժական համալսարանում, որն ուսուցիչ է կրթում։ Այստեղ խոսքը ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների մասին է։ Ինձ համար անընկալելի է, որ ուսուցիչներ կրթող բուհը կարող է ունենալ այնպիսի վարքականոն, որն ուղիղ հակասության մեջ է նշված արժեքների հետ»,- նշել է Անդրեասյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, թե ռեկտորը նախարարի մտերիմն է` վերջինս ասել է, որ նման դիտարկումներին ուղղակի չի արձագանքի։
«Մտերմության ու ընկերության մասին դիտարկումներին ուղղակի չեմ արձագանքի, որովհետև գործնական դաշտում ես բացառապես գործնական հարաբերություններ ունեմ։ Տիկին Գևորգյանի հետ ծանոթացել և առնչվել եմ հենց այդ պաշտոնում առաջադրվելու և նշանակվելու ժամանակ։ Իմ հարաբերությունները ձևավորվել են գործնական և եղել են գործնական։ Այս ընթացքում փորձել եմ համապատասխան մանրամասներ ստանալ, որպեսզի բուհում ձեռնարկվելիք հետագա քայլերը պարզ դառնան»,–ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ-ն և համալսարանի հոգաբարձուների խորհուրդը դիտարկելու են՝ արդյոք նախկինում որոշ ազդակներ եղել են, թե ոչ, որոնք կարող էին մատնանշել նման իրավիճակի ձևավորումը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է խոսում բուհի ղեկավարության փոփոխության մասին, եթե դեռ դատավճիռ չկա, և գործում է անմեղության կանխավարկածը՝ Անդրեասյանն արձագանքել է, որ հաշվի առնելով մեղադրանքների լրջությունը, առնվազն այս փուլում փոփոխությունն անհրաժեշտ է։
Նա հավելել է, որ նախատեսվում է բուհում ներդնել խիստ մոնիտորինգային համակարգ՝ նման դեպքերից զերծ մնալու համար։
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ՝ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի քանի աշխատակիցներ։ Ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը՝ կիրառելով տնային կալանք և 20 մլն դրամ գրավ, իսկ պրոռեկտորը, խոստովանական ցուցմունք տալով, մնացել է ազատության մեջ՝ բացակայելու արգելքի կիրառմամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և մի շարք այլ անձինք մեղադրվում են համալսարանում հանցավոր խմբավորում ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, վատնման, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքերում։






