AM
20 Հոկտեմբեր 2025 - 12:52 AMT

Գյումրիում բերման է ենթարկվել 23 անձ․ Արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գյումրու քաղաքապետարանի առջևից բերման է ենթարկվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 քաղաքացի, հայտնում է «Փաստինֆոն»։

Նույն օրը իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրու համայնքապետարանում, ինչին հաջորդել է համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և ևս վեց պաշտոնատար անձ։

Ղուկասյանին սատարելու նպատակով քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել քաղաքացիներ, ինչի հետևանքով իրավիճակը լարվել է։ Իրավապահները միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգի պահպանման նպատակով, որոնց ընթացքում էլ 23 անձ բերման է ենթարկվել։

Գյումրիում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը, հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, որի ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նաև վերջիններիս նկատմամբ։

2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի (զանգվածային անկարգություններին մասնակցելը), 452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) հատկանիշներով:

Քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսեւորումներից։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։