AM
20 Հոկտեմբեր 2025 - 13:00 AMT

Շահան սրբազանը ՀՀ նախագահին է փոխանցել Արամ Ա–ի ակնկալիքը, որ մտահոգիչ երևույթները դրական լուծում կստանան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։ Արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Արքեպիսկոպոս Սարգիսյանը փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի հույսն ու ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երևույթները Աստծո օրհնությամբ և բարիքի առաջնորդությամբ կգտնեն իրենց դրական լուծումը՝ հանուն մեր ժողովրդի միասնության, խաղաղության և բարգավաճման»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արամ Ա Կաթողիկոսի հոգևոր և ազգային գործունեությունը՝ ընդգծելով նրա մշտական նվիրվածությունը համահայկական միասնության և մեր ժողովրդի արժեհամակարգի պահպանման գործում։ Նախագահն իր հերթին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Վեհափառ Հայրապետին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման, երիտասարդ սերնդի հոգևոր ու ազգային դաստիարակության, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցերի։ Քննարկվել են համահայկական միասնությունը զորացնող նախաձեռնությունների շարունակականության ապահովման ուղիներ։

Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում են:

Կառավարությունը հայտնել է միայն Արամ Ա–ի ջերմ ողջույնների և օրհնության մասին, իսկ Անթիլիասը՝ որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի մտահոգությունները՝ կապված հոգևորականների ձերբակալությունների հետ։